Рубрика: Հայոց պատմություն

Ազատագրական պայքարը Սյունիքում

1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիքնահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար[4]:

Անգեղակոթի ժողով

Հիմնական հոդված՝ Անգեղակոթի ժողով։

Հայաստան վերադառնալիս Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների (Էջմիածին՝ 1441 և 1547, Սեբաստիա՝ 1562, Էջմիածին՝ 1677) կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռուսական կայսրության հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր Մինաս վարդապետ Տիգրանյանը: Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ Հովհան Վիլհելմինուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։

Իսրայել Օրի

Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների՝ Տոսկանայի և Ավստրիայի դուքսերիհամաձայնությունը ստանալու։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց Վիեննայի արքունիքում հրաժարվում են. Լեոպոլդ VI-ը Մուստաֆա II սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել:

1701 թվականի ամռանը Իսրայել Օրին ժամանում է Ռուսական կայսրություն: Հայաստանի ազատագրության ծրագիրը Օրին ներկայացնում է Պետրոս I կայսրին։ Այդ ժամանակ Մերձբալթյան տարածքների համար ռուս-շվեդական պայքարը վերածվել էր հակամարտության, որը հայտնի էր «Հյուսիսային պատերազմ» անունով։ Պետրոս Մեծը հուսադրում է Իսրայել Օրուն, որ ռազմական գործողությունների ավարտից հետո կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով[6]:

1702 թվականի գարնանը Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մոսկվայաբնակ հայ զինվորական Միրոն Վասիլևի միջոցով նամակներ են ուղարկում Եսայի Հասան-Ջալալյանին: Վերջինս սերում էր Հասան-Ջալալյանների ազնվական տոհմից, որի կրտսեր ներկայացուցիչները սովորաբար դառնում էին հոգևոր առաջնորդներ։ Եսային 1701 թվականին ընտրվել էր Գանձասարի կաթողիկոս և ղեկավարում էր Ղարաբաղի ու Շամախիի կուսակալությունների քրիստոնեական թեմերը։ Օրին Արցախի մելիքներին հայտնում է բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Պարսկաստանում, և մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում Հռոմում: Հռոմի պապ Կղեմես XI-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է Մոսկվա, լինում նորակառույց մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում և 1707 թվականի հուլիսին 50 հոգանոց դեսպանությամբ ճանապարհվում Իրան։ 1708 թվականին նա հասավ Շամախի, 1709 թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում:

Օրին Սպահանից վերադառնում է Շամախի և շուրջ մեկ տարի մնում Անդրկովկասում։ Նա լինում է Արցախում, հանդիպում Եսայի Հասան-Ջալալյանին ու մելիքների։ Օրին հայտնում է 1709 թվականի հունիսի 27-ին Պոլտավայի ճակատամարտում շվեդների դեմ ռուսների հաղթանակի լուրը։ Կաթողիկոսը Օրու հետ լինում է Շիրվանում, Արցախի ու Պարսկաստանի հայաբնակ շրջաններում։ Երբ Իսրայել Օրին պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա, Եսայի Հասան-Ջալալյանն իր երկու եպիսկոպոսների հետ միանում է Իսրայել Օրու պատվիրակությանը։ Պետրոս I-ի հանձնարարությամբ Օրին Արցախից Ռուսաստան էր տանում 20 հայ մետաքսագործ ընտանիքներ և մեծ քանակությամբ հում մետաքս՝ Մոսկվայում մետաքսի գործարան հիմնելու համար, արցախյան 25 ձիեր և թանկարժեք նվերներ։ Ռուսական իշխանություններից Օրին ստանում է միայն երեք նավ՝ գույքն ու մարդկանց տեղափոխելու համար։ 1711 թվականի ամռանը նրանք հասնում են Աստրախան։ Մոտավորապես 50 տարեկան հասակում Իսրայել Օրին այստեղ հանկարծամահ է լինում։ Եսայի կաթողիկոսը, Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Իսրայել Օրու թաղման կարգը, վերադառնում է Արցախ:

Զանգեզուրի ազատագրում

18-րդ դարի սկզբներից Սյունիքում և Արցախում պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է Թբիլիսի և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։ Նրա խնդրանքով Քարթլի-Կախեթի թագավոր Վախթանգ VI-ը 1722 թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ:

Դավիթ Բեկի արձանը Կապանում

30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն էր, հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում[10]: Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին:

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա (թուրք.՝ üçtepe՝ եռաբլուր) տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին: Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»: Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։

Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանում: Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ Կապանի Եղվարդ գյուղի մոտ 1723 թվականին Չավնդուրի ճակատամարտումհայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը: Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Որոտան բերդը:

Оставьте комментарий