Рубрика: Քաղաքագիտություն

Սեպտեմբերի 18-22

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունը հասարակության հատուկ քաղաքական կազմակերպությունն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և իր բնակիչների վրա։ Ժամանակակից պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է մի քանի հատկանիշներով:
1․ Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: 
2․ Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ:
3․ Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը:  Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:
Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը համըդհանուր է և համապարտադիր։ Միայն պետական իշխանությունն է տարածվում պետության ողջ տարածքի և ամբողջ բնակչության վրա։ Նրա կամքը պարտադիր է բոլորի համար, իսկ պետությունն ունակ է լուծելու հասարակական կյանքի ցանկացած հարց։

Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։ Այդ իշխանությունը մարմնավորում, իրական է դառնում հասարակությունից առանձնացված պետական մարմինների համակարգում։ Հանրային պետական իշխանությունը, ի տարբերություն տոհմացեղային իշխանության, չի համընկնում բնակչության հետ։ Այն իրականացնում է հասարակությունից առանձնացված կառավարման ապարատը։ Այդ իշխանությունն անվանում են հանրային, որովհետև այն և միասին այն իրավունք ունի հանդես գալու ամբողջ հասարակության, ժողովրդի անունից։

Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։ «Լեգիտիմ» բառի հիմքում ընկած է լատիներեն lex արմատը, ինչը նշանակում է օրենք, օրինական։ Պետական իշխանության լեգիտիմության հետևանքը նրա հեղինակությունն է բնակչության մեծամասնության աչքում, իշխանության նկատմամբ հարգանքը։
Պետական իշխանության լեգիտիմության նախադրյալները ժողովրդաիշխանությունն ու օրինականությունն են։ Այսինքն՝ լեգիտիմ է այն պետությունը, որում հռչակված է ժողովրդաիշխանության սկզբունքը, իսկ պետական մարմինները ձևավորվում են ժողովրդավարական բնույթ ունեցող օրենքների համապատասխան։ Օրինակ՝ ժողովդավարական պետական իշխանության լեգիտիմության միջոցը նրա բարձրագույն մարմինների ընտրովիությունն է ժողովրդի կողմից։ Ընտրություններն իրենց հերթին պետք է լինեն ազատ, պարբերական, այլընտրաքային (մրցակցային), հավասար, արդար, ազնիվ։ Հակառակ դեպքում, օրինակ՝ կեղծված ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունը լեգիտիմ չէ։

Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով: Համոզումը մարդկանց կամքի և գիտակցության վրա գաղափարադաստիարակչական, բարոյականմիջոցներով ակտիվ ներգործության ձևն է բնակչության գաղափարական մշակման, նրա մոտ համոզմունքի ձևավորման համար: Այն իրականացվում է որոշակի գործունեության նպատակահարմարության և անհրաժեշտության բացատրմամբ, հիմնավորմամբ:
Պետական հարկադրանքը լիազորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ օրենքներով նախատեսված հոգեբանական, նյութական, ֆիզիկական ներգործությունն է անհատի և մարդկանց խմբերի նկատմամբ: Նյութական հարկադրանքի օրինակ են տուգանքը, գույքի բռնագրավումը: Ֆիզիկական հարկադրանքն ուղղված է անձի ազատության դեմ, օրինակ՝ ազատազրկումը, կալանքը: Հոգեբանական հարկադրանքի օրինակ է նախազգուշացումը, դիտողությունը: 

Հարկադրանքի կիրառման նպատակն է բոլորին ստիպել գործել ի շահ պետության և հասարակության: Եթե, օրինակ, անհատը կամավոր չի կատարում ուրիշի սեփականության իրավունքը հարգելու իր պարտականությունը, ապա նրա համար դա կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Մասնավորապես` նրա նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ` գողության մեջ մեղադրանքով, իսկ գողությունը` որպես հանցանք, պատժվում է նաև ազատազրկմամբ:

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները։

Պետության ինքնիշխան իրավունքները

Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրա իրավունքներում, որոնք իրականացնում են պետության մարմինները: Այդ իրավունքներն են՝ օրենքներ հրապարակելու իրավունքը, պետության խորհրդանիշները (զինանշան, հիմն, դրոշ) որոշելու իրավունքը, դրամական միավոր ունենալու իրավունքը, հարկեր սահմանելու իրավունքը, պատերազմի և խաղաղության իրավունքը, դիվանագիտական ներկայացուցչության իրավունքը, միջպետական միությունների մեջ միավորվելու իրավունքը և այլն: 

Արտաքին ինքնիշխանություն 

Պետության անկախությունը և իրավահավասարությունն է այլ պետությունների հետ հարաբերություններում, անթույլատրելիությունը՝ դրսից միջամտել նրա ներքին գործերին, իրավահավասար անդամությունը միջազգային կազմակերպու թյուններին:

Ներքին ինքնիշխանություն 

Արտահայտվում է պետության գերակայությամբ հասարակական այլ կազմակերպությունների նկատմամբ: Գերակայությունը պետության մենաշնորհային իրավունքն է երկրում իրականացնել օրենսդիր, գործադիր և իրավապահպան գործառույթներ։

Оставьте комментарий