Рубрика: Գրականություն

Վահան Տերյան

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 

1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Այդ կապակցությամբ Ստեփան Զորյանը գրել էր, որ սկսել էր տերյանական շրջան, այսպես ասած Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով, երիտասարդների խոսակցության թեման Տերյանն էր։

«Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝

Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–

Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝

Չի կամենալ նա վերստին քեզ տանջել…

Գրում է անվերջ սիրո մասին, հավաստեցնում է, որ պատրաստ է միշտ հետ ընդունել իր սիրուն, աջակցել նրան ու կողքին լինել։

Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»): Բանաստեղծն ստեղծում է սիրո և գեղեցկության իր իդեալը՝ որպես փարոս կյանքի մթին ուղիներում.

Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ –

Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.

Անունդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

«Երկիր Նաիրի» (1915–17 թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին: «Մի՞թե վերջին պոետն եմ ես…» բանաստեղծության մեջ, երգելով իր պայծառ Նաիրին, նրա բոցե վարդերը, աղոթքի պես հնչող արքայական լեզուն, Տերյանը տագնապում է հայրենիքի վաղվա օրվա համար.

Ահով ահա կանչում եմ քեզ՝

Ցոլա՜, ցնորք Նաիրի.–

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

Սևակը գրում է․ «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:

Ավետիք Իսահակյանը ասում է․    «Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Վալյերի Բրյուսով․ «Նա (Տերյանը) հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

Оставьте комментарий